Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ գործակցությունը։ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։
Ավելի վաղ Հարությունյանը ոչ պաշտոնական այցով հանդիպել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ:
Պաշտպանության նախարարը նշել է, որ ՀՀ ԶՈւ-ն Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու է ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում գործակցությանն ու մի շարք ծրագրերի իրականացման մասին հարցեր:
Մարտի 31–ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չհավաքեց նախագահ դառնալու համար անհրաժեշտ թվով ձայներ: «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ստացել էր ձայների 49.26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26.4%-ը։ Ապրիլի 14-ին անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանի օգտին քվեարկել է 39,860 մարդ, Մայիլյանի օգտին ՝ 5428: