Ռուսաստանում կորոնավրուսի պանդեմիայի պայմաններում գործատուներն աշխատանքի կընդունեն թույլտվություն չունեցող օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Իրենք գործատուները, սակայն, պետք է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու թույլտվություն ունենան և ապահովեն անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցներով, գրում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման կանգնելու կամ ըստ բնակության վայրի գրանցվելու ժամկետները մարտի 15-ից մինչև հունիսի 15-ը երկարաձգելու մասին։
Մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ արտաքսման որոշումներ չեն կայացվի, նրանք չեն զրկվի փախստականի կարգավիճակից, վիզաները չեն չեղարկվի, նրանք չեն զրկվի նաև կացության իրավունքից կամ նմանատիպ այլ փաստաթղթերից։
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36,793-ի։ Աճը մեկ օրում ապրիլի 18-ի դրությամբ կազմել է 15 տոկոս։ Ընդհանուր առմամբ, մահացել է 313 մարդ, ապաքինվել՝ 3057։
ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածների թվում բազմաթիվ են նաև հայաստանցիները: Կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված ոմանք նաև կորցրել են աշխատանքը։