21 ապրիլի 2020 - 12:47 AMT
Քիմ Քարդաշյանի շնորհիվ ԱՄՆ-ում թրաֆիքինգի ենթարկված կինն ազատվել է բանտից

Ամերիկյան ռեալիթ շոուների աստղ, հայկական ծագմամբ մոդել Քիմ Քարդաշյանը հանդես է եկել թրաֆիքինգի զոհ Ալեքսիս Մարտինի պաշտպանությամբ, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ կինը բանտից, հավանաբար, ազատվել է հենց Քարդաշյանի միջամտությամբ։

Ալեքսիս Մարտինը 15 տարեկան էր, երբ դատապարտվել է խաբեությամբ հափշտակություն կատարելու համար, ինչը հանգեցրել է իրեն թրաֆիքինգի մեջ ներգրաված տղամարդու մահվանը։

Մարտինն այժմ 22 տարեկան է, նա Քարդաշյանի օգնությանն է դիմել, երբ աստղը 2018-ին բանտից կարողացել է ազատել ևս մեկ կին դատապարտյալի՝ Էլիս Մարի Ջոնսոնին։ Վերջինս ցմահ դատապարտված է եղել թմրանյութերի վաճառքի գործով։

Քարդաշյանը Մարտինի գործը ներայացրել է իր՝ «Քիմ Քարդաշյան․ Արդարադատության նախագիծ» փաստավավերագրական ֆիլմում, որը եթեր է հեռարձակվել 2020-ի ապրիլին։

Ֆիլմից մոտ երկու շաբաթ անց նահանգապետը հայտնել է Մարտինին, որ նա 7 դատապարտյալից մեկն է, ում ներում է շնորհվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Քարդաշյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է այս դեպքին՝ նշելով, որ Ալեքսիս Մարտինը սեռական թրաֆիքինգի զոհ է և նրա պատմությամբ կիսվելն իր համար պատիվ է եղել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Քիմ Քարդաշյանին, նրանք քննարկել էին քրեական իրավունքի հնարավոր բարեփոխումը: