22 ապրիլի 2020 - 12:35 AMT
ՀՀ-ում վարակման դեպքերի թիվը շարունակում է աճել՝ մոտենալով ապրիլի սկզբի մակարդակին

Ապրիլի 22-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստաված դեպքերի թիվն ավելացել է ևս 72-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 1-ից ի վեր, երբ գրանցվել էր 92 դեպք։ Երկրում հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1473-ի։

Ապրիլի 22-ի ցուցանիշը գերազանցել է նախորդ օրվանը, երբ վարակակիրների թիվն ավելացել էր 62-ով։

Ապրիլի 1-ին ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի պիկն էր՝ 92 դեպք։ Դրանից հետո օրական կտրվածքով հաստատված դեպքերի թիվը սկսել էր նվազել՝ առանձին օրերի հասնելով 11-ի (ապրիլի 5-ին) կամ, օրինակ, 16-ի (ապրիլի 9-ին), և հազվադեպ անցնելով 40-ի սահմանը։ Ամսի 5-19-ն ամենաբարձր թիվը 48-ն էր։

Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1473-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 72-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 633 է, մահացել է 24 հոգի։

Վերջին օրերին ՀՀ-ում մարդիկ ավելի շատ են սկսել փողոց դուրս գալ։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պատասխանատու այլ անձանց հորդորներին՝ թե մարզերում, թե մայրաքաղաքի փողոցները կրկին հարաբերականորեն մարդաշատ են՝ քաղաքացիների մի ստվար զանգված անտեսում է տանը մնալու հորդորները։

Կորոնավիրուսով վարակման ինկուբացիոն միջին ժամկետը մոտ 5 օր է, վիրուսը տևում է 14 օր՝ առանձին որոշ դեպքեր չհաշված։

Yandex-ի տվյալներով` կարանտինի պահպանման ցուցիչը Երևանում ապրիլի 22-ի դրությամբ 3․1 է (առավելագույն միավորը՝ 5)։ Համեմատության համար՝ Բաքվում այդ ցուցանիշը 3․7 է, Թբիլիսիում՝ 4․6։

Ընդ որում, ամենաբարձր ցուցանիշը ՀՀ մայրաքաղաքում եղել է ապրիլի 4-5-ին՝ վարակվածության ամենաբարձր թվերը հրապարակելուց հետո։ Ցուցիչն այդ օրերին 4․2 էր կազմել։ Սակայն վերջին 10 օրում այն երբեք 3․4 միավորից ավելի չի եղել՝ չհաշված ապրիլի 19-ի կիրակին։

Վրաստանի ԱՆ պաշտոնական տվյալներով՝ երկրում վիրուսի հաստատված դեպքերը 411-ն են, մահացել է 5 հոգի, իսկ Ադրբեջանում 1480 հաստատված դեպք կա, մահացել է 20 մարդ։

Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։