13 հունվարի 2009 - 13:47 AMT
Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է սպանվել
Մոսկվայի ոստիկանությունը հետաքննում է Հայաստանի քաղաքացու սպանությունը: Տարվա սկզբից անցած 12 օրվա ընթացքում Մոսկվայում հարձակման են ենթարկվել առնվազն 10 օտարազգի, որոնցից չորսը զոհվել են:
Հայաստանի 51-ամյա քաղաքացու դին գտնվել է երկուշաբթի օրը №11 տան շինհրապարակում` Մարյինոյի Մարշալ Գոլովանովի փողոցում: Զոհվածի մարմինը` դեմքին գեմատոմաներով, հայտնաբերվել է մոտավորապես ժամը 14:00-ին: «Փորձագետների եզրակացության համաձայն քաղաքացին մահացել է հայտնաբերումից վեց ժամ առաջ»,- հայտնել են ոստիկանությունում:
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածի համաձայն (սպանություն): Հետաքննությունն ընթանում է, հաղորդում է Newsru.com-ը:
Նշենք, որ նոր տարում ոչ սլավոնական արտաքինով մարդկանց վրա կատարվող փողոցային հարձակումների ալիքը չի նվազում: Ընդ որում, այդ հարձակումների զգալի մասը, որոնք սովորաբար կապվում են նեոազգայնամոլների գործունեության հետ, ավարտվում են զոհերի մահվամբ: