29 ապրիլի 2020 - 18:12 AMT
ՀՀ-ն 3 օրով կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար

Վրացական կողմի խնդրանքով ՀՀ-ն 3 օրով կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար։

Մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները Երևան կժամանեն «Բելավիա» ավիաընկերության չվերթով՝ Մինսկով վերադառնալով եվրոպական տարբեր երկրներից։ Վրաստանի ԱԳՆ-ն կապահովի նրանց մեկնումը Երևանից Վրաստան ավտոբուսներով, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ եթե երկրի քաղաքացիները մտադիր են Երևանով հայրենիք վերադառնալ, ապա պետք է կապվեն Վրաստանի դեսպանության հետ։ Հայրենիք վերադառնալուն պես նրանք բուժզննում կանցնեն և կենթարկվեն պարտադիր 14-օրյա կարանտինի։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի: Մարտի 21-ից երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված:

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողի Հայաստան տեղափոխումը: