30 ապրիլի 2020 - 12:15 AMT
Ավինյան. Եթե մեղմացումների արդյունքում վարակի տեմպն աճի, եղած ամենակոշտ ռեժիմից էլ կոշտ ռեժիմի կանցնենք

ՀՀ-ում Պարետատան որոշումները կարող են փոփոխվել՝ կախված կորոնավիրուսի տարածման դինամիկայից, սակայն դեռևս տրամաբանությունն այն է, որ մայիսի 4-ից փոփոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը, էական ոլորտներ բացվելու են, հայտարարել է պարետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ սահմանափակումները շարունակելու են գործել մշակույթի և զվարճանքների ոլորտներում, վերագործարկվելու է մշակող արդյունաբերության ոլորտը, որոշ տեսակի խանութներ։

Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ վարակի դեպքերի թիվն աճել է ռեկորդային՝ 134-ով՝ հասնելով 2066-ի։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ տեմպի պահպանման դեպքում վարակի թույլ ախտանիշեր ունեցող պացիենտներին հնարավոր է հիվանդանոցային պայմաններում չպահեն։

«Եթե մենք տեսնենք, որ մեղմացումների հետևանքով վարակի տարածման տեմպն աճում է և բերում է վտանգավոր հետևանքների, և մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել վտանգավոր հիվանդներին, կարծում եմ՝ կարող ենք վերադառնալ եղած ամենակոշտ ռեժիմից էլ կոշտ ռեժիմի։ Եվ շատ կարևոր է, որ հաստատված կանոնները խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից»,- ասել է Ավինյանը՝ նշելով, որ դա բխում է հենց տնտեսվարողի շահից։

Անդրադառնալով արտակարգ դրության կարանտինային ռեժիմի պահպանմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մի քանի պարտադիր պայման կա վարակից խուսափելու համար, բայց դրանք չեն պահպանվում։ Նրա խոսքով՝ ընտանիքի հետ դուրս է եկել զբոսանքի ու տեսել մարդկանց, որոնք խմբերով կանգնած զրուցում են՝ չպահպանելով սոցիալական հեռավորություն։

«Եթե մենք, այնուամենայնիվ չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլև նրանց քաջալերել և հասնել նրան, որ այդ կանոնները պահպանվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու»,-ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ երբ համաճարակի սահմանափակումը մտցվում էր, բոլորի հույսն այն էր, որ 1-2 ամսից վարակը կհաղթահարվի, բայց այժմ սահմանափակումների ռեիմից դուրս գալու մասին խոսվում է, քանի որ ակնհայտն է, որ մինչև առնվազն մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսները դեպքեր են լինելու։

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ն և աշխարհի ոչ մի երկիր չի կարող 1 տարի փակված ռեժիմով ապրել։

«Մոտիվացիա չկա, եթե իմանանք, որ ևս մեկ ամիս փակվելու ենք, և վարակն այլևս չի լինելու, կարող ենք անել, բայց փաստն այն է, որ մենք վստահաբար գիտենք, որ այդ մի ամսում ոչինչ տեղի չի ունենալու, որը մեզ թույլ կտա վերադառնալ լիարժեք կյանքի»,- ասել է նա։

ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։ Երկրում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է սահամնաված։