14 մայիսի 2020 - 11:32 AMT
Արտակարգ դրությունը ՀՀ-ում երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը

ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Կառավարությունը հաստատել է ԱԴ-ն երկարաձգելու մասին որոշումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արտակարգ դրության երկարաձգումն անհրաժեշտություն է, սակայն Պարետատան գործունեության և, անհրաժեշտության դեպքում, բնակավայր փակելու որոշումները կարող են իրագործվել միայն արտակարգ դրության պայմաններում։

Փաշինյանն ասել է, որ 1500-ից ավելի հիվանդանոցային բուժում ստացող ունենալու դեպքում կրկին սահմանափակումների կգնա Կառավարությունը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ սահմանափակումները կարող են նաև պայմանով կիրառվել, ինչպես օրինակ՝ որոշ վայրերում կարող է պարտադիր համարվել դիմակների կրումը։

Մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում և շաբաթական մեկ անգամ մեկ անձ կարող է հանձնունք տրամադրել։

ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարված, այն երկարաձգվել էր մինչև մայիսի 14-ը։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։