17 հունվարի 2009 - 13:58 AMT
Սերգեյ Լավրովն Էլմար Մամեդյարովին անձամբ բացատրել է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք չի փոխանցել
Ռուսական կողմի նախաձեռնությամբ հունվարի 16-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջեւ «Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա եւ զինամթերք փոխանցելու» հարցի հետ կապված տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այդ զրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը հաղորդել է, որ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ համատեղ ուսումնասիրել է տվյալ հարցը, եւ հավատացրել, որ 2008թ. ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից, ներառյալ հայկական Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական N102 ռազմակայանը, Հայաստանին պաշտոնական կարգով ոչ մի զենք եւ զինամթերք չի փոխանցվել: Կողմերը համաձայնության են եկել տվյալ հարցի առավել հանգամանալից պարզման ուղղությամբ խորհրդակցությունները շարունակելու մասին, հաղորդում է 1news.az-ը:
Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, Bakiliar.AZ գործակալությունը, վկայակոչելով ANS TV-ն, տարածել է մի տեղեկատվություն, որի համաձայն «Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել է Հայաստանին 800 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա փոխանցելու փաստը: Ըստ Ալեքսանդր Պետրունինի, խոսքը գնում է միջպետական համաձայնության շրջանակներում սպառազինություն փոխանցելու մասին»: