16 մայիսի 2020 - 14:44 AMT
Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին․ Պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ մտցրել ժողովրդի մեջ

Մարտի 1-ի ամենակարևոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից, տարածքում կրակված պարկուճները փոխվել են, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասել է, թե քննչական խմբի ղեկավարն իր նախաձեռնությամբ չի փոխել կրակված պարկուճները և նշել, թե «պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել ու մտցրել ժողովրդի մեջ»։

«Նա փոխել է տարածքում կրակված պարկուճները, ինչը նշանակում է, որ իսկական կրակված պարկուճները նույնականացնելու հարավորություն չկա։ Այդ մարդը հետախուզման մեջ է։ Թող գա, պատմի՝ ինչ է արել պարկուճները, և քննությունը պետք է շարունակվի։ Մենք պետք է ջանքեր գործադրենք հետախուզվողին ձերբակալելու ուղղությամբ։ Մեծ հաշվով, պարզ է՝ ովքեր, ինչ շրջանակ է կազմակերպել այդ սպանությունները»,-հայտարարել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ շատ մանրամասներով բացահայտված է Մարտի 1-ին տեղի ունեցածը։ Բայց, վարչապետի խոսքով, կարող է պարզվել, օրինակ՝ որ կրակված պարկուճները ձուլարանում ձուլվել են։

2008-ի Մարտի 1-ի գործով ՀՀ-ում կալանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրական կարգը տապալելու համար։