18 մայիսի 2020 - 15:13 AMT
Գործատուների միությանը մտահոգված է Ucom-ի և ղեկավարության շուրջ դեպքերի զարգացմամբ

Հայաստանի գործատուների հանրապետական միությանը, որը գործում է երկրում 2007 թվականից և ներկայացնում է ՀՀ խոշոր ընկերությունների 20%-ից ավելին, հայտարարություն է տարածել՝ կապված Ucom-ի և ընկերության ղեկավարության շուրջ իրադարձությունների հետ՝ անհանգստությունհայտնելով տնտեսության համար առաջացող ռիսկերի մասով։ Միության հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«ՀԳՀՄ-ն մնալով հավատարիմ իր առաքելությանը՝ «Խթանել բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, պաշտպանել բիզնես համայնքի և գործատուների շահերը՝ ուղղորդելու դեպի տնտեսական աճ և բարեկեցություն», իր անհանգստությունն է հայտնում հակակոռուպցիոն գործառույթների շրջանակում ՀՀ Սահմանադրության պահանջների կատարումից որոշակիորեն շեղվելու ռիսկերի վերաբերյալ: Այն է՝ ՀՀ պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա, որի ապահովումը մշտապես պետք է ուղեկցվի ցանկացած գործողությամբ»:

Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ տնտեսությունը դեռևս օժտված չէ մեծ թվով հաջողված ձեռնարկատիրության օրինակներով և կարևոր է ձեռնարկությունների հիմնադիր անձերի պատմությունը չնույնականացնել ձեռնարկության համբավի և գործունեության հետ՝ լայն թվով շահառուների չվնասելու համար։

«Ucom ընկերությունն ունի լայն ճանաչում և հայտնի է որպես բարձր արդյունավետության կազմակերպություն և այդ առումով պետք է հոգ տարվի, որպեսզի նրա ամենօրյա ձեռնարկատիրական գործունեությունը և վարկանիշը չվնասվեն»,- ասված է հայտարությունում:

Ապրիլի 28-ին Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը։ Հայտարարությանը հետևեց քրեական հետապնդումը Գուրգեն Խաչատրյանի հանդեպ, ինչպես նաև միտումնավոր ընկերությանը վնաս հասնելու փորձեր կատարվեցին, ինչպես, օրինակ՝ մայիսի 13-ին անհայտ անձանց կողմից Ucom-ի բջջային ցանցը շարքից հանելու գործողությունները։