20 մայիսի 2020 - 22:03 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին թեստերն են արտադրվել

Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում արտադրվել են կորոնավիրուսի առաջին թեստերը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է, որ դեռ պետք է 2000 տուփ (տուփը՝ 50 հոգու ախտորոշան համար) թեստ արտադրվի, իսկ դրանք կլինեն այն որակի և ճշտության, որը պետք է լաբորատորիաներում ախտորոշման համար։ Թեստերն այժմ փորձարկման փուլում են, այն կավարտվի մոտ 10 օրից։

Կառավարությունը $550,000 էր նախատեսել կորոնավիրուսի ախտորոշման թեստերի համար, ծրագրվում է արտադրել 100,000 թեստ։

«Առաջին փուլը մենք անում ենք լաբորատոր ներքին փորձարկումներ՝ կոմպոնենտների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ: Երկրորդ փուլով մենք անելու ենք ներքին, բայց ադեն հիվանդներից անջատած նմուշների վրա, որպեսզի մենք հստակ համոզված լինենք, որ դրականը տվել է դրական, բացասականը՝ բացասական: Դրանից հետո մենք թեստեր տալու ենք արդեն երևի թե Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին, որպեսզի իրանք էլ անկախ թեստավորեն», - ասել է Առաքելյանը:

Նա նշել է, որ 100,000 թեստի արտադրության համար կծախսվի նախատեսված գումարի կեսը՝ մոտ $250,000, նյութերի գնման համար։

Վարակի բռնկումից սկսած՝ Հայաստանում 44,000-ից ավելի մարդ է թեստավորվե։ Երկրում մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5271-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 67 է, առողջացել է 2419 պացիենտ։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։