20 հունվարի 2009 - 15:00 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) Բաքվից Երեւան են ժամանել: Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ:
Գտնվելով Բաքվում` Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ հնարավոր է համարում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնավոր սկզբունքներով պայմանավորվածության մոտալուտ ձեռքբերումը: «Կարծում եմ, որ եթե կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն, ապա կարելի կլինի պայմանավորվածության հասնել հիմնավոր սկզբունքներով եւ անցնել համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին»,- հայտնել է Յուրի Մերզլյակովը` հաղորդելով, որ միջնորդների ներկայիս տարածաշրջանային այցի հիմնական նպատակն է հանդիսանում կարգավորման եւ բանակցությունների շարունակման շուրջ Մադրիդում իրենց կողմից առաջարկված հիմնավոր սկզբունքների շուտափույթ ընդունմանն աջակցելը:
Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր հերթին հաղորդել է, որ միջնորդների ներկայիս այցի ընթացքում քննարկումներ են անցկացվելու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպման վերաբերյալ: Այդ հանդիպումը կարող է կայանալ հունվարի 29- փետրվարի 1 կայանալիք Դավոսյան տնտեսական համաժողովի շրջանակներում: «Նախագահների հանդիպումը կախված է լինելու Բաքվում եւ Երեւանում մեր բանակցություններից: Այս ամիս բանակցությունների համար հիանալի հնարավորություն կա: Հավատում ենք եւ հուսով ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը կկայանա»,- նշել է Մ.Բրայզան:
Նախօրեին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ Երեւանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը մադրիդյան սկզբունքների հիման վրա` հենվելով Մոսկվայում եւ Հելսինկիում անցկացված հանդիպումների արդյունքների վրա: