20 հունվարի 2009 - 18:32 AMT
Ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել են նաեւ ավելի վաղ Բաքվում կայացած հանդիպումների արդյունքների մասին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջիկայում հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող է կայանալ հունվարի 28-ին Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում: