21 հունվարի 2009 - 16:38 AMT
Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը համոզված է, որ Օբաման աջակցելու է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը
Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ACA) շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նրա երդման արարողության առթիվ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ACA-յում, նամակում, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ հայկական համայնքը պատրաստ է Հայաստանի եւ Ամերիկայի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը լուծելու համար աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ: Ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում Դուք հանդես էիք գալիս հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման օգտին: Մենք համոզված ենք, որ Դուք հետագայում էլ կշարունակեք աջակցել Հայաստանի անվտանգության ապահովմանը եւ առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի արգելափակման վերացմանը, ինչպես նաեւ կօժանդակեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծումը` հիմնվելով ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»:
«Մենք հույս ունենք սերտ կապեր հաստատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ եւ նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը»,- հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի նախագահ Վազգեն Խոդանյանը: