10 հունիսի 2020 - 12:23 AMT
Գիտնականներն արբանյակի նկարներով փորձում են հասկանալ՝ երբ ու որտեղ է տարածվել կորոնավիրուսը

Հարվարդի բժշկական քոլեջի աշխատակիցներն ուսումնասիրել են Ուհանի հիվանդանոցի՝ արբանյակներից արված պատկերները և նկատել, որ 2019-ի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում մեքենաների թվի կտրուկ աճ կա, փոխանցում է BBC-ն։

Այն համընկել է համացանցում «հազ» և «լուծ» բառերի որոնման կտրուկ աճի հետ։

Չինաստանում հետազոտությունն աբսուրդային էին համարել։ Նշվում է , որ երկրում կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019-ի նոյեմբերին, դեկտեմբերին Չինաստանի իշխանությունն ԱՀԿ-ին տեղեկացրել է անհայտ պատճառով թոքաբորբի ավելացման մասին։

Ըստ հետազոտության՝ շատերին առողջական խնդիրներն անհանգստացրել են մինչև կորոնավիրուսի համաճարակի մասին հայտարարելը։ Գիտնականներն ուսումնասիրել են նկարներն ու դրանք համեմատել նախորդ տարվա (2018-ի հոկտեմբեր) նույն ժամանակահատվածի հետ։ Ըստ տվյալների՝ 1 տարվա կտրվածքով Ուհանի ամենամեծ հիվանդանոցներից մեկի դիմաց ավտոմեքենաների թիվն աճել է 67%-ով։

Չնայած հետազոտությունը դեռ փորձագիտական գնահատականի չի արժանացել, այնուամենայնիվ` մասնագետները փորձում են գտնել վիրուսի տարածման իրական օջախներն ու ժամանակահատվածը։ Նշվում է, որ անհնար է իրադարձությունների ճշգրիտ շղթան վերականգնելը, սակայն կան տվյալներ, որ Ուհանի շուկան վիրուսի տարածման աղբյուրներից մեկն է եղել և ոչ միակը։ Իսկ քաղաքում դեռ 2019-ի ամռան վերջին հիվանդանոցների բակերում մարդկանց թվի աճ է նկատվել։

Ուհանը Չինաստանում վիրուսի տարածման օջախ էր համարվում։ Հունվարի 23-ից այնտեղ և չինական այլ քաղաքներում խիստ կարանտին էր հայտարարված։ Վարակի օջախ համարվող Չինաստանն արդեն հաղթահարել է վիրուսի ճգնաժամը։ Ներկայումս աշխարհում 7․2 մլնից ավելի մարդ է վարակված կորոնավիրուսով։

Photo. AFP