12 հունիսի 2020 - 14:41 AMT
Նախարար․ ՀՀ-ում թոքերի օդափոխման սարքին միացված հիվանդների մահացությունը մոտ 90% է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով կորոնավիրուսով հիվանդների վիճակը, հայտարարել է, որ Հայաստանոմ թոքերի օդափոխման սարքին միացված հիվանդների մահացությունը հասնում է 90%-ի։

«Ծայրահեղ ծանր դեպքերի պարագայում մահացությունը հասնում է 70%-ի, ծանրների՝ ավելի փոքր ցուցանիշ է»,- ասել է նա, գրում է «Նովոստի Արմենիան»։

Ավելի վաղ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ հունիսի 12-ի առավոտվա դրությամբ 23 հոգի միացված է արհեստական շնչառության սարքի:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ հունիսի 11-ի դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում մոտ 100 հիվանդ կա, իսկ ծանր՝ մոտ 420։ Նա հավելել է, որ այդ թիվը վերջին օրերին չի նվազում և պահպանվում է 500-ի շեմում։

Թորոսյանը նաև ասել է, որ հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվում չկան ծայրահեղ ծանր և ծանր դեպքեր, իսկ վերակենդանացման բաժանմունքներում դեռևս կան ազատ տեղեր։

ՀՀ-ում կորոնավիրոսուվ վարակված մոտ 7000 պացիենտ տնային հսկողության տակ է, մոտ 1800-ը հիվանդանոցային բուժում է ստանում։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից երկրում հաստատվել է 15,281 դեպք, կա 5639 առողջացած, 258 մահացած կորոնավիրուսից ու կորոնավիրուսով 86 հիվանդ՝ մահացած այլ պատճառներով։