20 հունիսի 2020 - 17:29 AMT
Պաղպաղակների ընկերությունը հրաժարվում է «Էսկիմո» բառից․ Խտրական նշանակություն կա

Ամերիկյան Dreyer’s Grand Ice Cream ընկերությունը կփոխի իր 99-ամյա բրենդի՝ Eskimo Pies պաղպաղակի անունը՝ դառնալով հերթական ընկերությունը, որը վերանայում է իր մարքեթինգային քաղաքականությունը՝ ռասայական հավասարության և էսկիմոսներին խտրականության չենթարկելուց, փոխանցում է New York Post-ը։

«Մենք պարտավոր ենք մաս կազմել ռասայական հավասարությանը և ընդունել, որ տերմինը նսեմացնող է»,-նշել են ընկերությունից։

Անվան փոփոխության հետ՝ ընկերությունը կփոխի նաև մարքեթինգային արշավի մաս հանդիսացող որոշ դետալներ, օրինակ՝ պաղպաղակների վրա ավանդաբար պատկերվող փոքրիկ տղային` ձնառատ միջավայրում։

Ավելի վաղ Aunt Jemima-ն (ալյուրի, օշարակի և այլ ապրանքների բրենդ՝ սևամորթ կնոջ պատկերով) և Uncle Ben (բրնձի ապրանքանիշ՝ աֆրոամերիկացու պատկերով) ընկերությունները հայտարարել էին, որ պատրաստվում են վերանայել իրենց ապրանքատեսակների վրայի վիճահարույց պատկերները՝ սոցցանցային քննաադատություններից հետո։

ԱՄՆ-ում այս արշավը սկսվել է ռասայական խտրականության դեմ պայքարող բողոքի ցույցերից հետո։