26 հունվարի 2009 - 19:43 AMT
Թուրք փորձագետ. Օբաման պետք է աջակցի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մտերմացմանն ուղղված ջանքերին
Անկարայի Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (USAK) նախագահ, պրոֆեսոր Սեդատ Լաչիները գտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման պետք է վերականգնի այն հարաբերությունները, որոնք լուրջ վնասներ կրեցին Բուշի նախագահության ժամանակ: «Ցավոք, ԱՄՆ-ում որոշ մարդիկ գտնում են, որ թուրք հասարակությունը կարող է հեշտությամբ մոռանալ անցյալը»,- նշել է նա: ԱՄՆ ղեկավարության հանդեպ կուտակված բողոքների թվում փորձագետը հիշատակեց այն մասին, որ թուրք մտավորականության ներկայացուցիչները, պաշտոնյաները, ԶԼՄ-ն, փորձագետները եւ հասարակ քաղաքացիներ չեն կարողանա մոռանալ ԱՄՆ նախապաշարողական վերաբերմունքը Թուրքիայի` Կիպրոսին զենք մատակարարելու վերաբերյալ ամերիկյան էմբարգոյի մասին 1964թ. Լինդոն Ջոնսոնի նամակում, ինչպես նաեւ ԱՄՆ հունամետ դիրքորոշումը: Թուրք փորձագետը չմոռացավ հիշատակել նաեւ վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ: «Ես համոզված եմ, որ ոչ մի թուրք զինվոր եւ քաղաքացի չի կարողանա մոռանալ դա մոտակա տարիներին»,- ընդգծել է Լաչիները:

Պրոֆեսորի կարծիքով, ԱՄՆ նոր նախագահը պետք է համապարփակ աջակցություն ցուցաբերի ահաբեկչության դեմ Թուրքիայի պայքարին, քանի որ թուրք ժողովուրդը ԱՄՆ-ին որոշ չափով պատասխանատու է համարում Քրդական բանվորական կուսակցության համար (PKK): «Օբաման չպետք է գործի հայկական ուլտրաազգայնական սփյուռքի ցանկություններին համապատասխան, նա պետք է ուշադրությունը կենտրոնացնի այժմյան խնդիրների վրա, եւ ոչ թե` հայկական մեղադրանքների, եւ աջակցի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ մտերմացմանն ուղղված ջանքերին: ԱՄՆ նախագահը պետք է իրատես լինի եւ չառաջնորդվի զգացմունքներով»,- ասել է Լաչիները: Նա նաեւ նշեց Թուրքիայի ԵՄ մտնելու կենսական կարեւորությունը ինչպես Արեւմտյան Եվրոպայի, այնպես էլ մուսուլմանական աշխարհի համար, որտեղ Թուրքիան կարող էր հաջողության օրինակ դառնալ: Վերջապես, նա ԱՄՆ-ից աջակցություն է ակնկալում կիպրոսյան հարցում, որտեղ հունական կողմը ապակառուցողական դեր է խաղում, գրում է The Journal of Turkish Weekly-ն: