27 հունվարի 2009 - 16:27 AMT
Հայաստանի նախագահը պարգեւատրել է երկրի չեմպիոններին
Հունվարի 26-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամների նիստին ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Հայաստանում վերջերս ավարտված շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների չեմպիոններին եւ մրցանակակիրներին: Պարգեւատրվածների թվում են Արման Փաշիկյանը (1-ին տեղ), Տիգրան Քոթանջյանը (2-րդ տեղ), Զավեն Անդրեասյանը (3-րդ տեղ) եւ Լիլիթ Գալոյանը (1-ին տեղ), Սիրանույշ Անդրեասյանը (2-րդ տեղ), Աննա Հայրապետյանը (3-րդ տեղ):
Շքանշաններ եւ դրամական պարգեւներ են ստացել նաեւ մի շարք շախմատիստներ եւ մարզիչներ: Մասնավորապես, Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով են պագեւատրվել ՀՇՖ պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Յուրի Առուստամյանը, գրոսմայստեր Էդուարդ Մնացականյանը:
Նույն օրը Սերժ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել հայ շախմատիստներին եւ վստահություն հայտնել ապագայում Հայաստանում շախմատի զարգացման հարցում: «Մեր շախմատիստները հաջողության են հասել հիմնականում կամքի ուժի, նպատակաուղղվածության եւ, անխոս, տաղանդի շնորհիվ: Հենց այս հատկություններն են հիմք դարձել մեր երկրում շախմատի զարգացման համար եւ երաշխավորել մեր շախմատիստների հաջողությունը միջազգային հրապարակներում»,- հայտնել է Սերժ Սարգսյանը: