2 հուլիսի 2020 - 11:26 AMT
Նախարար․ 650 պացիենտ ծանր ու ծայրահեղ ծանր են, տանը հոսպիտալացման է սպասում 11 հոգի

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 650-ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, նրանցից 44-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերի, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Համակարգի զբաղվածության առումով իրավիճակը նույնն է․ վերակենդանացման բաժանմունքները լիքն են։ Թորոսյանը նշել է, որ հուլիսի 2-ի դրությամբ տանը 11 հոգի սպասում է հոսպիտալացման, նրանցից 4-ը միջին ծանրության են, 7-ը՝ թեթև։

Նախարարը նշել է, որ մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որտեղ զբաղվում են կորոնավիրուսի բուժմամբ։

Թորոսյանի խոսքով՝ Կառավարության գործողությունները պետք է շարունակական լինեն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնների պահպանումն արդյունավետ է։

Նախարարը նշել է նաև՝ շարունակվում է հիվանդանոցային նոր հզորությունների ավելացումը, և հուլիսի 2-ին ինքն այցելելու է Սպիտակի և Մարտունու ԲԿ-ներ՝ տեսնելու ծավալվող բաժանմունքներ, որոնք հագեցված են լինելու անհրաժեշտ սարքավորումներով։

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,010 է։