2 հուլիսի 2020 - 16:37 AMT
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն Covid-19-ի տարածման քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով դիմել են Միրզոյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները դիմում են ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Դիմումը վերաբերում է կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և Պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությանը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելուն։

Նշվում է, որ ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը։

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։

Հայաստանը, Worldometer-ի տվյալներով, 7-րդն է աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի քանակով, եթե հաշվի չառնել գաճաճ պետությունները։