28 հունվարի 2009 - 14:45 AMT
Էդուարդ Շարմազանով. ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից չզրկելու որոշումը ՀՀ ժողովրդավարական ապագայի հաղթանակն է
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունվեց 1643 բանաձեւը,որտեղ հստակ երկու կետ է առանձնանում: Առաջինը` հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում չի զրկվում ձայնի իրավունքից եւ Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ չեն կիրառվի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Երկրորդ կետը, նրա խոսքերով, շատ կարեւոր է` բանաձեւում բացակայում է «քաղբանտարկյալներ» տերմինը, որը կար 1609 եւ 1620 բանաձեւերում: «Նման որոշման կայացումը ԵԽԽՎ-ում հիմնավորված է այն բարեփոխումներով, որոնք վերջերս իրագործվել են Հայաստանում, եւ երկրի կառավարության կողմից քաղաքական կամքի դրսեւորմամբ: Անշուշտ, դա չի նշանակում, թե կառավարությունը կամ ՀՀԿ-ն ավարտեցին իրենց առաքելությունը: Մենք հսկայական աշխատանք ունենք անելու, որպեսզի հաջորդ ընտրությունները Հայաստանում առավել ժողովրդավարական լինեն, քան 2008թ.»,-ասել է Շարմազանովը: Ըստ հայ պատգամավորի, ՀՀ իշխանությունները իրենք են առաջարկել ուղղումներ կատարել ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածներում, ինչն ինքնին արդեն վկայում է ղեկավարության քաղաքական կամքի մասին: «Ինչ վերաբերում է այն հարցին, թե կան արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ թե ոչ, ապա պետք է ասեմ, որ ավելի ճիշտ կլինի, եթե այդ հարցով դատարանը զբաղվի: Ժողովրդավարական երկրներում յուրաքանչյուր հարց դատարանում է որոշվում»,-ասել է ՀՀԿ մամլո քարտուղարը:

Ըստ Շարմազանովի, անկախ ԵԽԽՎ որոշումից, ՀՀ իշխանությունները վճռական են Հայաստանում քաղաքական, սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակման հարցում: «ԵԽԽՎ որոշումը եւ 1643 բանաձեւի ընդունումը հաղթանակ է ոչ թե Հայաստանի կառավարության համար: Դա ժողովրդավարական ապագայի հաղթանակն է Հայաստանում: Մինչ այժմ ոչ ոք չի ասել, թե եվրոպական արժեքները մեզ խորթ են: Մենք հետագայում եւս կղեկավարվենք եվրոպական արժեքներով»,-ասել է Շարմազանովը:

Հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն, քննարկելով Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարումը, որոշեց չզրկել հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից: 141 խորհրդարանականներ քվեարկեցին հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու դեմ, «կողմ» քվեարկեց 3 պատգամավոր, 5-ը ձեռնպահ մնացին: