3 հուլիսի 2020 - 18:43 AMT
Վանդալիզմ Կոպենհագենում. «Ռասիստ ձուկ»՝ Ջրահարսի արձանի վրա

Կոպենհագենում պղծել են Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն խորհրդանշող արձանը։ Վանդալներն արձանի վրա ներկով գրել են Racist Fish (թարգ.՝ «ռասիստ ձուկ»)։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Արձանը տեղադրվել է 1913-ին և բազմիցս ենթարկվել է հարձակումների։ 2 անգամ պոկել են դրա գլուխը, մեկ անգամ՝ ձեռքը, փորձել տեղաշարժել, ներկել և մի քանի անգամ հագցրել հիջաբ։ 2020-ի տարեսկզբին արձանի վրա գրել էին Free Hong Kong (թարգ.՝ «ազատ Հոնկոնգ»)։

Հարավային Դանիայի համալսարանի Հանս Քրիստիան Անդերսենի կենտրոնի ուսումնասիրող Անե Գրում-Շվենսենը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ իրեն դժվար է պատկերացնել, թե հատկապես ինչն է ռասիստական «Ջրահասը» հեքիաթում։

Աշխարհի տարբեր երկրներում Black Lives Matter շարժման շրջանակում պարբերաբար տարբեր կոթողներ և արձաններ են վնասվում։ Շարժումը սկսել է մայիսին ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սառնասիրտ սպանությունից հետո։

Photo: Niels Christian Vilmann/Ritzau Scanpix/AFP/Getty Images