28 հունվարի 2009 - 18:02 AMT
ՀՀԿ. Հայաստանի իշխանությունները գործարք չեն կնքել եվրոպական կառույցների հետ
«Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ որոշեց հայկական պատվիրակությանը չզրկել ձայնի իրավունքից, հայակական ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները գործարք են կնքել եվրոպական կառույցների հետ: Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ երկրում բարեփոխումների իրականացնելու գործում առաջին հերթին շահագրգռված է Հայաստանի կառավարությունը»,- Երեւանում լրագրողներին է հայտնել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, ընդդիմությունը հայտարարել է, որ հայկական պատվիրակությանը չեն զրկել ձայնի իրավունքից, որպեսզի Հայաստանը որոշակի զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: «Կարող եմ միայն ասել, որ բոլոր այդ հայտարարությունները վկայում են որոշ ընդդիմական գործիչների աշխատանքի ոճի մասին: Ճիշտ նույն կերպ էին նրանք վարվում անցյալ տարի` հայտարարելով, որ հայկական կողմը ստիպված էր ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ հակահայկական փաստաթուղթը, բայց մենք բոլորս տեսանք, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել: Տեսնենք, թե որքան հեռու կգնա ընդդիմությունը»,- ընդգծել է հայ պատգամավորը:
Շարմազանովի կարծիքով, եթե հայկական պատվիրակությանը զրկեին ԵԽԽՎ-ում ունեցած լիազորություններից, ապա ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում պաշտոնական Երեւանի հնարավորությունները կսահամանափակվեին: «Պարզ է, որ եթե մեկին զրկում են ինչ-որ իրավունքից, ապա այդ կողմն իր գործողություններում չի կարող նույնքան ազատ լինել, որքան նախկինում: Ինձ համար զարմանալի է, որ այն մարդիկ, որոնք ժամանակին եղել են իշխանության կազմում եւ որոնք պարտավոր են իմանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում պետության եւ ժողովրդի շահերը, առաջին պլան են մղել իրենց շահերը»,- նկատել է ՀՀԿ մամլո քարտուղարը: Նրա խոսքով, ընդդիմությունը պետք է հասկանա, որ հանրապետության իշխանությունների հետ միասին գտնվում է միեւնույն տախտակամածի վրա, եւ հանրապետության ղեկավարությունը միշտ էլ բաց է երկխոսության համար նրանց հետ, ովքեր այլ կարծիքի են հակված:
Հունվարի 27-ին ԵԽԽՎ, քննարկելով Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարումը, որոշեց չզրկել հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից: 141 խորհրդարանական քվեարկեց հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու դեմ, «կողմ» քվեարկեց 3 խորհրդարանական, հինգը ձեռնպահ մնացին: