7 հուլիսի 2020 - 18:41 AMT
Դիմակ չկրելու տուգանքը դեռ չի բարձրանա. Օրինագիծը չի ընդգրկվի ԱԺ արտահերթում

ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու մասին նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Իմ քայլը» խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ»,- նշվում է գրառման մեջ։

Օրերս իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրենքի նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում էր հանրային բաց տարածքում դիմակ չդնելու համար տուգանքը բարձրացնել 10,000 դրամով՝ սահմանելով 20,000 դրամ, իսկ փակ տարածքներում չկրողներին տուգանել 50,000 դրամով։ Գործող օրենքով դիմակ չկրելու համար սահմանված է 10,000 դրամ տուգանք։