9 հուլիսի 2020 - 12:13 AMT
Փաշինյանը պարզաբանել է` ինչու է ՀՀ-ն արդեն բանակցում պատվաստանյութ արտադրողների հետ

Մտահոգություն կա, որ պատվաստանյութի ստեղծման պահից դրա խմբաքանակը կհայտնվի մի քանի երկրի տրամադրության տակ, և ՀՀ-ն մեխանիզմներ է մտածում՝ հավելյալ միջոցներ ձեռնարկելու համար, որ նման իրավիճակում չհայտնվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է վարչապետի դիտարկմանը՝ նշելով, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ բազմաթիվ պատվաստանյութեր կան, բայց դրանք վերջնական հաստատված չեն, իսկ հաստատվելուց հետո արագ բաշխվելու են։

«Ընկերություններ կան, որ արդեն տասնյակ հազարներով դրանք արտադրել են, վերջնական պրոդուկտը կա, և այստեղ խոսքը վերջնական հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, այլ ոչ այդ ապանքների լինել կամ չլինելու»,- ասել է Թորոսյանը։

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ անձամբ է բանակցումModerna ընկերության հետ՝ պատվաստանյութի հարցով։

Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 30,346-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 535 դեպք կա, այլ պատճառով՝ 170։ Առողջացածների ընդհանուր թիվը 18,000 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,641 է։