ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում առաջին անգամ խոստովանել է, որ 2018-ին հրահանգել է գաղտնի կիբերհարձակում սկսել որպես «թրոլլերի գործարան» (ինտերնետում ֆեյքեր, տրոլինգ ու կազմակերպված տեղեկատվական գործողություններ կատարող կառույց) հայտնի ռուսական Ինտերնետ հետազոտությունների գործակալության վրա։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ինքն է արտոնել կիբերհարձակումը՝ Թրամփն ասել է․ «Դա ճիշտ է»։
Ըստ թերթի, նշված գործակալությունը 2016-ին ու 2018-ին միջամտել էր ԱՄՆ ընտրություններին՝ տեղեկատվական գրոհներ կատարելով։
Թրամփը նշել է, որ նախորդ նախագահ Բարաք Օբաման իմացել է ռուսական գործակալության գործունեության մասին, սակայն միջոցներ չի ձեռնարկել՝ հուսալով, որ ընտրություններում կհաղթի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը։
Թրամփը պարզաբանել է, որ հրահանգ է տվել գրոհ սկսել ընտրություններին ՌԴ միջամտության մասին հետախուզության տվյալների հիման վրա՝ հարված հասցնելով դրա կիբերնետիկ հնարավորություններին։
Սանկտ Պետերբուրգում գործող Ինետրնետ հետազոտությունների գործակալությունը համարվում է այն ընկերություններից մեկը, որն ազդում է հասարակական կարծիքի վրա սոցցանցերում՝ ի շահ Կրեմլի։ ՌԴ իշխանությունները բազմիսց են հերքել իրենց միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին 2016-ին։ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունն այդ հարցի շուրջ ավարտվել է 2019-ի մարտին։ Նա հայտնել էր նախընտրական արշավին միջամտելու ՌԴ ներկայացուցիչների որոշ փորձերի մասին, սակայն, ոչ մի ապացույց չներկայացրեց, որ Թրամփի նախընտրական շտաբի և ռուսական կողմի միջև գործարք է եղել։