13 հուլիսի 2020 - 09:41 AMT
Տոնոյանը հրահանգել է արձագանքել Ադրբեջանին ըստ անհրաժեշտության` նաև մինչև նոր դիրքերի զբաղեցում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմին ու հրամանատարությանը հրահանգված է դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության, ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

ՊՆ ղեկավարը մշտական կապի մեջ է Կասպրշիկի հետ:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈւ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան, հայկական կողմը կորուստներ չունի։

Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի մասին։