29 հունվարի 2009 - 19:27 AMT
Ասիական զարգացման բանկը շահագրգռված է զարգացնելու երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Դավոս կատարած այցի շրջանակներում հունվարի 29-ին հանդիպում է ունեցել նաեւ Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդայի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի նախագահին իրականացվող համատեղ ծրագրերի համար` դրանք գնահատելով արդյունավետ: Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել կառավարման բնագավառում եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեր երկրին` Ասիական զարգացման բանկի կողմից մինչ օրս ցուցաբերվող աջակցության համար եւ հույս հայտնել, որ այդ համագործակցությունն իր շարունակությունը կունենա նաեւ ապագայում:

Հարուհիկո Կուրոդան իր հերթին բարձր է գնահատել պետական կառավարման բնագավառում հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը եւ նշել, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է զարգացնելու երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ` կարեւորելով բոլոր առկա գործիքների արդյունավետ համադրումը` ուղղված Հայաստանի Հանրապետությունում զարգացման խթանմանը:

Այսօր Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ: Ուշ երեկոյան նախատեսված է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի հետ: