Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը, հայտնում են ՊՆ-ից:
Ավելի վաղ նախարարության խոսնակը հայտնել էր ևս երկու զինծառայողի մահվան մասին՝ մայոր Գարուշ Համբարձումյանի և կապիտան Սոս Էլբակյանի:
Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հավհաննիսյանը PanARMENIAN.Net-ին ասաց, որ զոհված զինծառայողները առաջնագծում չեն եղել, բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, այժմ բոլոր օղակները և բնագծերը մարտի մեջ են։
Ավելի վաղ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ սահմանին իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ:
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը նաև հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:
Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։