15 հուլիսի 2020 - 10:26 AMT
Սահմանին գիշերը հարաբերական անդորր էր․ Ադրբեջանական 2 ԱԹՍ է խոցվել

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 23:15-ից մինչ առավոտ պահպանվել է հարաբերական անդորր, գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈւ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»,- գրել է նա։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։