30 հունվարի 2009 - 21:55 AMT
Խորխե Արսե-Վիկ Դարչինյան մենամարտում մասնագետները գերապատվությունը տալիս են Դարչինյանին
Վերջին մի քանի օրերը ամենաթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը եւ նույն քաշային կարգում WBA ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեն փոխադարձ սպառնալիքներով են փոխանակվել` առավել բորբոքելով հետաքրքրությունը սպասվող մենամարտի հանդեպ, որը կկայանա Կալիֆորնիայի «Honda Center»-ում փետրվարի 7-ին:

Նշենք, որ մի շարք մասնագետներ, կանխատեսելով սպասվող մենամարտը, գերապատվությունը տալիս են ծագումով հայ ավստարալական բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանին

Պատասխանելով լրագրողների հարցերին` ամերիկյան Red Stars Boxing ընկերության ղեկավար եւ Դարչինյանի նախկին մենեջեր Էդուարդ Գումաշյանը բացարձակ վստահություն է հայտնել Դարչինյանի հաղթանակի հարցում: «Եթե երկուսն էլ իրենց լավագույն մարզավիճակում լինեն, Դարչինյանը ակնհայտ ֆավորիտ է: Կարծում եմ` այդ դեպքում նա նոկաուտով հաղթանակ կտանի 6-րդ ռաունդից հետո: Բայց Արսեի հարվածները վտանգավոր են եւ Դարչինյանը պետք է մշտապես զգոն լինի»,- Գումաշյանի խոսքերն է մեջբերում Allboxing.ru-ն:

Դարչինյանն ինքը կայանալիք մենամարտին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ չի հարգում իր մրցակիցներին` ընդգծելով, որ իր վերաբերմունքը Արսեի հետ մենամարտի հանդեպ ոչ մի ընդհանուր բան չունի նրա ազգության հետ: «Իմ բոլոր մրցակիցները մեքսիկացիներ են: Նրանք շատ ուժեղ են եւ մեծ ժողովրդականություն են վայելում: Ինձ համար կարեւոր չէ, թե ով է իմ մրցակիցը` մեքսիկացի, թե ֆիլիպինցի: Նախ եւ առաջ, նրանք բոլորը բռնցքամարտիկներ են: Ես ենթադրում եմ, որ նոկաուտ կանեմ նրան, բայց ոչ` առաջին ռաունդում: Դա նրա համար չափազանց դյուրին հանգուցալուծում կլինի: Ես նրա հետ խաղալու եմ, ինչպես կատուն մկան հետ, եւ ցույց կտամ, թե որքան հիմար է նա: Մենամարտի առաջին 20 վայրկյաններից հետո նա խուլ պաշտպանության կանցնի: Նա կհիշի այդ մենամարտը ողջ կյանքում: Ես նա եմ, ով մամլո ասուլիսներին միշտ ասում է, թե ինչ է անելու, եւ միշտ կատարում է իր խոստումները»,- հայտարարել է Դարչինյանը:

Արսեն իր հերթին բացարձակ վստահ է իր ուժերին եւ հայտնել է, որ մտադրված է նոկաուտ անել չեմպիոնին: «Ես գիտեմ, որ այդ մենամարտը կվերադարձնի ինձ իմ կորցրած վարկը: Ես կարող եմ ասել միայն այն, որ ես միշտ հարգում եմ իմ մրցակցին: Մենք շատ ենք վատաբանել միմյանց, բայց ես հարգում եմ նրան եւ շնորհակալ եմ տրամադրված հնարավորության համար,- ասել է Արսեն:- Նրա որոշ խոսքերն ինձ վայել չեն, եւ դա ստիպում է ինձ ավելի եռանդով մարզվել, որպեսզի ես նրան իսկապես ցավ պատճառեմ հարվածներով: Հուսով եմ, որ նա շատ վաղ չի ընկնի եւ ինձ հնարավորություն կտա բազմաթիվ հարվածներ հասցնել նրան»: