30 հունվարի 2009 - 22:03 AMT
Հայ շախմատիստները շարունակում են մնալ «Corus Chess-2009»-ի առաջատարները
11-րդ փուլում` հունվարի 30-ին, Վեյք ան Զեյում անցնող Corus Chess-2009 շախմատային սուպերառաջնության ավարտից երկու փուլ առաջ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, խաղալով սեւ խաղաքարերով, առաջին պարտությունն է կրել կուբացի Լեյներ Դոմինգեսից: Հանդիպումն ավարտվեց 35-րդ քայլի վրա: Մեկ այլ հայ շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը (Սլովակիա), ընդհակառակը, հաղթանակ տարավ հոլանդացի Լյուկ Վան Վելիի հանդեպ եւ 6,5 միավորով կիսում է առաջատարի դիրքը Արոնյանի, Ռաջաբովի եւ Դոմինգեսի հետ: Նշենք, որ նախքան 11-րդ փուլի սկիզբը Արոնյանը միանձնյա գլխավորում էր մրցութային սանդղակը:
Հունվարի 31-ին` նախավերջին` 12-րդ փուլում, Արոնյանը կխաղա ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչի հետ, իսկ Մովսեսյանն իր ուժերը կչափի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:
11 փուլերից հետո A խմբում իրավիճակը հետեւյալն է. Արոնյան, Մովսեսյան, Ռաջաբով, Դոմինգես` 6,5; Կարյակին, Կարլսեն` 6; Կամսկիյ, Սմիթս` 5,5; Ադամս, Իվանչուկ, Վան Վելի` 5; Ստելլվագեն, Վան Յուե` 4,5 միավոր; Մորոզեւիչ` 4 միավոր:
11-րդ փուլի արդյունքները`
Լեյներ Դոմինգես (Կուբա) - Լեւոն Արոնյան (Հայաստան) - 1:0
Լյուկ Վան Վելի (Հոլանդիա) - Սերգեյ Մովսեսյան (Սլովակիա) - 0:1
Գատա Կամսկիյ (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) - 1:0
Մայքլ Ադամս (Անգլիա) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 0,5:0,5
Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 0,5:0,5
Յան Սմիթս (Հոլանդիա) - Դանիել Ստելլվագեն (Հոլանդիա) - 0,5:0,5
Վան Յուե (Չինաստան) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 0:1