21 հուլիսի 2020 - 15:55 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Երևանին ու Բաքվին կոչ է արել առավելագույն զսպավածություն ցուցաբերել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով և կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այլապես այն կվերաճի աղետալի լայնամասշտաբ ընդհարման։ Գլխավոր քարտուղարի հայտարարությունը փոխանցել է նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է Reuters-ը։

Հուլիսի 13-ին ՄԱԿ խոսնակը կոչ էր արել ներգրավված կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից:

Նա վերահաստատել էր իր լիակատար աջակցությունն բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։