31 հունվարի 2009 - 21:20 AMT
Որոշվել է Հայաստանի հավաքականի կազմը Լատվիայի հավաքականի հետ ընկերական խաղում
Այսօր հայտնի դարձան այն 18 խաղացողների անունները, որոնք փետրվարի 11-ին կմասնակցեն Լատվիայի հավաքականի հետ Կիպրոսում կայանալիք խաղին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Յան Պոուլսենը: «Սա առաջին հավաքն է Բոսնիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղից հետո, եւ հավանաբար վերջինը Էստոնիայի հավաքականի հետ մարտի 28-ին կայանալիք խաղից առաջ: Չեմ կարծում, թե փետրվարը հարմար ամիս է նման խաղի համար, քանի որ ակումբների մեծ մասը նախասեզոնային խաղեր են անցկացնում: Այդ պատճառով Լատվիայի հետ խաղի համար չեն հայտագրվել հավաքականի որոշ թեկնածուներ: Այնուամենայնիվ, ես կարեւորում եմ այս ընկերական հանդիպումը»,-հայտարարել է Պոուլսենը:

Պոուլսենը նաեւ բացատրել է հավաքականի հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստների բացակայության պատճառը: «Ինչ վերաբերում է Քարամյան եղբայրներին, նրանք իրենց թիմի հետ այժմ Իսպանիայում են հավաքների: Մեկ այլ ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը այժմ ուսումնամարզային հանդիպման է ԱՄՆ-ում: Ես որոշեցի չհոգնեցնել նրան երկար ճանապարհով: Ես շատ կցանկանայի թիմում ընդգրկել Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ կազմի խաղացող Հովհաննես Գոհարյանին, սակայն, ցավոք, դա անհնար է նրա վնասվածքի պատճառով: Հարցականի տակ է նաեւ «Խիմկի» ակումբի խաղացող Ռոբերտ Զեբելյանի մասնակցությունը, քանի որ մոտ օրերս նա պետք է պայմանագիր կնքի Սոչիի թիմերից մեկի հետ: Ռոման Բերեզովսկին, Համլետ Մխիթարյանն ու Կարեն Ալեքսանյանն այս անգամ չեն միանա թիմին: Սակայն նրանք շարունակում են հավաքականի անդամներ մնալ»,-ասել է նա:

Մի քանի ֆուտբոլիստների բացակայությունը հիմնական կազմում հնարավորություն է տվել մարզիչին երիտասարդ խաղացողների ներգրավել թիմում: «Մենք այժմ երեք նոր ֆուտբոլիստներ ունենք «Բանանցից»` կիսապաշտպաններ Արտակ Դաշյանը, Սարգիս Կարապետյանն ու հարձակվող Արսեն Բալաբեկյանը: Այս հանդիպման համար ես 18 ֆուտբոլիստ եմ հրավիրել: Նրանք բոլորը խաղալու հնարավորություն կունենան»:

Հայաստանի հավաքականը Կիպրոս կմեկնի փետրվարի 9-ի առավոտյան: Սակայն մինչ այդ, փետրվարի 7-8-ին նախնական մարզումներ կանցկացվեն:

Հայաստանի հավաքականի կազմը Լատվիայի հետ խաղում, որ տեղի կունենա փետրվարի 11-ին Կիպրոսում:

Դարպասապահներ

Գեւորգ Կասպարով-«Տրակտոր» (Իրան)
Գրիգոր Մելիքսեթյան-«Փյունիկ»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան- «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան- «Ռանդերս» (Դանիա)
Ալեքսանդր Թադեւոսյան-«Միկա»
Աղվան Մկրտչյան-«Միկա»
Վահագն Մինասյան-«Արարատ»

Կիսապաշտպաններ

Արարատ Առաքելյան-«Մետալուրգ» (Ուկրաինա)
Արթուր Ոսկանյան-«Բանանց»
Արթուր Եդիգարյան-«Փյունիկ»
Հենրիկ Մխիթարյան-«Փյունիկ»
Սամվել Մելքոնյան-«Բանանց»
Արտակ Դաշյան-«Բանանց»
Սարգիս Կարապետյան-«Բանանց»

Հարձակվողներ

Արա Հակոբյան-«Միկա»
Ռոբերտ Զեբելյան-«Խիմկի» (Ռուսաստան)
Էդգար Մանուչարյան-«Այաքս» (Հոլանդիա)
Արսեն Բալաբեկյան-«Բանանց»