2 փետրվարի 2009 - 12:52 AMT
Իրանում առաջարկում են Նոբելյան մրցանակ տալ Էրդողանին Դավոսում իր դեմարշի համար
Իրանի Իսլամական հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թաիփ Էրդողանին Դավոսում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ բանավեճի ժամանակ նրա վարքագծի համար: «Պատմությունը կգնահատի ձեր ելույթը ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի»,-ասել է Լարիջանին:

Նրա խոսքերով, Էրդողանի խոսքը եւս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը գամեց մարդկության դեմ հանցագործություններին, որ կատարում է Իսրայելը: «Իրանի խորհրդարանը ողջունում է եւ հպարտանում է այդ մարդով եւ պաշտպանում է նրան, նրա վարվելակերպը»,-ասել է Լարիջանին, հաղորդում է Anatolia news agency-ն:

Մինչդեռ, Իրանի հոգեւորականության ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը` այաթոլլա Նազեր Մաքերեմ Շիրազին հայտարարել է, որ «Էրդողանին հարկավոր է ներկայացնել Նոբելյան մրցանակի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում խիզախ վարքի համար»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: Էրդողանը հայտարարեց, որ իր զայրույթի պատճառն այն էր, որ Իսրայելի նախագահին ելույթի համար 25 րոպե էր տրամադրվել, այն դեպքում, երբ իրեն ընդամենը 10-15 րոպե տրվեց: