2 փետրվարի 2009 - 18:19 AMT
Վրաստանում Իրանի դեսպան. Nabucco-ն չի կարող իրականացվել առանց Թեհրանի մասնակցության
Nabucco-ն չի կարող իրագործվել առանց Իրանի մասնակցության, երբ խոսք է գնում տնտեսական նախագծերի մասին, դրանք պետք է հիմնվեն ոչ թե քաղաքականության, այլ տնտեսության վրա: Այդ մասին հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպան Մոյթաբա Դամիրչիլուն: «Ինչպես ձեզ հայտնի է, Իրանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում բնական գազի պաշարներով: Իսկ երբ խոսք է գնում տնտեսական նախագծերի մասին, որոշիչ դերն այստեղ պետք է ստանձնի հենց տնտեսությունը, այլ ոչ թե քաղաքականությունը»,-հայտարարել է նա:
Ինչպես ասել է Դամիրչիլուն, Nabucco նախագծի շրջանակներում մի շարք եվրոպական երկրներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել համագործակցել Իրանի հետ: Անցած շաբաթ Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Բրյուսել եւ հանդիպել ԵՄ երկրների առաջնորդների հետ: «Ելնելով այդ շահից, մենք գտնում ենք, որ Իրանի գազը կհասնի եվրոպական շուկա, սակայն հայտնի չէ, թե երբ եւ որ նախագծի շրջանակներում դա տեղի կունենա»,-ասել է իրանցի դիվանագետը:
Ինչ վերաբերում է գազամուղի նախագծի քաղաքականացմանը, ապա դեսպանը նշել է, որ Nabucco-ի իրականացմանը մասնակցում են երկրների երեք խումբ` գազի սպառողներ, տարանցիկ երկրներ եւ գազ արդյունահանողներ: Համաձայնությունը եվրոպական երկրների հետ գրեթե ձեռք է բերվել` նրանք եւս համարում են, որ Nabucco-ն արդարացված չի լինի տնտեսական տեսակետից առանց Իրանի մասնակցության: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն, այլ ոչ թե Ռուսաստանն է խոչընդոտում Իրանի մասնակցությանը նախագծին:
Nabucco-ն մայրուղային գազամուղի նախագիծ է, որով պետք է էներգառեսուրսները Կենտրոնական Ասիայից տեղափոխվեն Եվրոպա շրջանցելով Ռուսաստանը: Ադրբեջանն ու Թուրքիան, որպես տարանցումն ապահովող կողմեր, ջանքեր են գործադրել, որպեսզի նախագիծը շրջանցի նաեւ Հայաստանը: Խողովակաշարի նախագծի հիմնարար սկզբունքները դեռեւս ավարտված չեն, իսկ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2013 թվականին: Նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 7,9 մլրդ եվրո: