27 հուլիսի 2020 - 12:32 AMT
The Guardian-ն անդրադարձել է Մոսկվայի շուկա տեղափոխված հայ-ադրբեջանական «տնտեսական պատերազմին»

The Guardian-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողություններին հաջորդած այլ երկրներում գտնվող հայ և ադրբեջանական համայքների ազգամիջյան բախումներին։

Պարբերականն ընդհանուր փորձում է չեզոք դիրքից հանդես գալ և նկարագրում, որ տարբեր միջադեպերի հեղինակները եղել են և հայեր, և ադրբեջանցիներ։ Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակի զրուցակիցները հայկական կողմի ներկայացուցիչներն են, որոնք պատմում են Մոսկվայում ադրբեջանցիների նախաձեռնած «տնտեսական պատերազմի» մասին։

Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են։ Բախումներ են եղել Լոնդոնում, Լոս Անջելեսում, Ռուսաստանում: Արտերկրում ապրող հայրենակիցներին հայ պաշտոնյաները հորդորում են չտրվել որևէ սադրանքի, լինել էլ ավելի խաղաղասեր։

The Guardian-ը նշում է, որ թեև «ծիրանային պատերազմը» ավարտվել է, նոր տեղեկություններ են հայտնվում, թե ադրբեջանական ընկերություններն արգելում են հայկական արտադրանքի վաճառքը։

«Երկրները հաճախ են պատերազմել, մանավանդ Լեռնային Ղարաբաղի տարածքում, սակայն հազվադեպ կարելի է ականատես լինել, որ հակամարտությունը տեղափոխվի Մոսկվայի շուկա։ Մոսկվայում երկու երկրներն էլ մեծ համայնքներ ունեն», - գրում է աղբյուրը։

Սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողությունները հրահրել էր Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ին սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։