Գերմանիայի արտագործնախարար Հեյկո Մաասը հայտնել է, որ Մեծ յոթնյակ Ռուսաստանի վերադարձի հնարավորություն չի տեսնում մինչև «Ղրիմի անեքսիայի» և Ուկրաինայի արևելքում իրավիճակի հարցերի լուծումը։ Այս մասին, BBC փոխանցմամբ, նա ասել է Rheinische Post-ի հետ հարցազրույցի ժամանակ։
2014 թվականից Ղրիմի թերակղզին վիճելի տարածք է համարվում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Հանրաքվեի արդյունքներով այն մտել է ՌԴ կազմի մեջ։
Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի հետ աշխատանքի լավագույն տարբերակը G20-ի նման լայն ձևաչափերն են։
«Մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը մեզ անհրաժեշտ է Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում հակամարտությունները լուծելու համար։ Մենք չենք կարող աշխատել Ռուսաստանի դեմ, միայն նրա հետ»,- ասել է նախարարը։
Հունիսին G8-ը վերականգնելու և Ռուսաստանի հետ միավորվելու անհրաժեշտության մասին հայտարարություն էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ G7-ի հանդիպումների կեսը նվիրված են Ռուսաստանի հարցին, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը խնդիրների լուծումը կհեշտացներ։
Թրամփի գաղափարը մերժել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետեր Բորիս Ջոնսոնը և Ջասթին Թրյուդոն։
Մեծ յոթնյակի մեջ են մտնում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն։