5 օգոստոսի 2020 - 10:42 AMT
Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել

Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո արտահերթ նիստում երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Այդ մասին ասվում է Խորհրդի հայտարարության մեջ, որն անցել է երկրի ղեկավար Միշել Աունի նախագահությամբ, գրում է Deutsche Welle-ն։

Մինչ այդ Աունը Twitter-ում իր միկրոբլոգում գրել էր Բեյրությում 2 շաբաթով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին։

«Քաղաքում քաոս էր, մարդիկ՝ խուճապի մեջ, կոտրվել են խանութների ցուցափեղկերը։ Լիբանանում էլէլներգիայի խափանումներ կան, այդ պատճառով փողոցներում մութ է, իսկ փրկարարները դժվարություններ ունեն վիրավորներին հայտնաբերելու գործում»,- հայտնել է պարբերականի թղթակիցը դեպքի վայրից։

Վարչապետ Հասան Դիաբը պահանջել է կատարվածի պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծել։

Ըստ Պոտսդամի Երկրաֆիզիկայի հետազոտական կենտրոնի տվյալների՝ պայթյունի հզորությունը համապատասխանել է 4․5 մագնիտուդով երկրաշարժի հզորության։ Պայթյունը լսվել է մասնակիորեն նաև Կիպրոսում՝ Բեյրութից ավելի քան 200 կմ հեռավորության վրա։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։

Photo. AP