5 օգոստոսի 2020 - 10:52 AMT
Պապիկյան. Տավուշի գյուղերի շինությունները հին տեսքին բերելը բավարար չէ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում հակառակորդի հրետակոծությունից տուժած բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ։

«Մեր առաջիկա անելիքները պետք է ուղղվեն սահմանի գյուղերին նոր գույն, նոր որակ, նոր շունչ հաղորդելուն»,- ասել է նախարարը, որն այցելել էր Բերդ, հուլիսի մարտական գործողությունների հետևանքով առավելապես տուժած Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի սահմանապահ գյուղեր։

Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերում վնասներ է կրել 89 տուն, 14 բնակարան: Ներկայումս ընթանում են Այգեպարի և Ներքին Կարմիրաղբյուրի 17 տան տանիքների, պատուհանների, դռների և ճակատային պատերի վերանորոգման աշխատանքներ: Այգեպարում մեկնարկել է նաև գյուղամիջյան ճանապարհի շինարարությունը:

Պապիկյանը տեղեկացրել է, որ առաջիկայում պետական բյուջեից ֆինանսավորման երկրորդ փուլով կմեկնարկեն վնասված տների նորոգման ավելի մեծ ծավալով աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է հավելյալ աշխատուժի ներգրավմամբ տեմպ հաղորդել շինարարական աշխատանքներին:

Հուլիսի 16-ին ստեղծվել էր հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով: Հայտարարվել էր, որ վնասված շինությունները կվերականգնվեն, իսկ եթե հնարավոր չլինի վերականգնել կոնկրետ տունը, ապա նորը կկառուցվի։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։