5 օգոստոսի 2020 - 11:19 AMT
ԱՀԿ-ի հորդորը ՌԴ-ին՝ զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել Ռուսաստանին զգուշավոր լինել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրության հարցում, որի մասին հայտարարել են ՌԴ իշխանությունները, գրում է BBC-ն։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են և հոկտեմբերին կսկսվի զանգվածային պատվաստումը։

ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը, անդրադառնալով ռուսական պատվաստանյութին, ասել է․ «Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված կարգ և կան որոշակի կանոններ։ Յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի»։

Նա հավելել է, որ երբեմն գիտնականները հայտարարում են նոր մշակումների մասին, ինչնը լավ զարգացում է։ «Բայց մեծ տարբերություն կա մշակման կամ, հնարավոր է, աշխատող պատվաստանյութի և բոոր այդ փուլերով անցնելու միջև»։

ՌԴ Գամալեի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութը չկա այն 6 պատվաստանյութի թվում, որոնք երրորդ փուլի փորձարկումներ են անցնում, ինչը ենթադրում է հիվանդների մեծ խմբերի մասնակցություն։