Բեյրութում օգոստոսի 4-ի ուժգին պայթյունից վերջին տվյալով 100 մարդ է մահացել, 4000-ից ավելին՝ տուժել ու վիրավորվել: Արդյունքում վնասվել են անգամ դեպքի վայրից հեռու գտնվող շենքերը, մարդիկ վիրավորվել։ Բեյրութն արդեն աղետի գոտի է հայտարարվել, որին օգնելու համար Fast Company-ն առաջարկում է 4 տարբերակ։
Պաշտոնական վարկածով՝ 2014-ից նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատի հազարավոր տոննաների պայթյուն է եղել։
Այժմ, երբ երկրի հիվանդանոցները լիքն են, փողի և ռեսուրսների կարիք կա: Օգնելու տարբերակները հետևյալն են.
Լիբանանի Կարմիր խաչ․ Ի թիվս այլ օժանդակությունների՝ այս խումբն օգնում է նաև երկրում շտապօգնության ծառայություն մատուցելուն։ Twitter-ում նշվում է, որ տեղի Կարմիր խաչի օժանդակությամբ ոչ կրիտիկական վիճակում գտնվողներին օգնություն է ցուցաբերվում։ Խմբին օգնություն կարելի է տրամադրել՝ մասնակցելով հանգանակությանը։
Impact Lebanon․ Այս խումբն օգնում է աղետալի վիճակում հայտնվածներին JustGiving կայքում քրաութֆանդինգի միջոցով։ Արդեն փոխանցվել է $2․2 մլն:
Տեղի ՀԿ-ներ․ Ակտիվիստները հավաքել են տեղական հանգանակությունների համար անհրաժեշտ խմբերի և կազմակերպությունների ընդհանուր ցանկը։ ՀԿ-ների ցանկին կարելի է ծանոթանալ մեկ վայրում։
Հանձնել արյուն․ Լիբանանում գտնվողներին առաջարկվում է ցանկության դեպքում արյուն հանձնել։ Դրա համար առանձնացված են նաև հասցեներ։
Պայթյունը որոտացել է Լիբանանի համար առանց այն էլ ծանր ժամանակներում, երբ երկիրը փորձում է հաղթահարել տնտեսական ճգնաժամը, քաղաքական անկարգությունների խորացման վտանգը, կորոնավիրուսի համավարակը։ Երկրում հասունանում է նաև սննդի ճգնաժամ։ Լիբանանը բարեկամ երկրներից օգնություն է խնդրել։ Կոչին արդեն արձագանքել են Ֆրանսիան, Իրանը, ԱՄՆ-ն ու անգամ Իսրայելը։