5 օգոստոսի 2020 - 15:11 AMT
ԶԼՄ․ ՌԴ-ն է կազմակերպել 2016-ին թուրքական ուղղաթիռի խոցումը քրդերի կողմից

Թուրքիայի զինվորականությունը կարծում է, որ հրթիռը, որով քրդերը 2016-ի մայիսի 13-ին խոցել են թուրքական «Կոբրա» ուղղաթիռը, տրամադրել է Ռուսաստանը։ ՌԴ-ն այդ քայլին գնացել է՝ ի պատասխան 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքերի կողմից ռուսական Սու-24-ը խոցելուն:

Տեղեկությունը հրապարակել է Թուրքիայում ծայրահեղականության, ահաբեկչության, տարբեր հանցագործությունների և այլ թեմաների ուսումնասիրությամբ ու մշտադիտարկմամբ զբաղվող ստոկհոլմյան Nordic Monitor կենտրոնը:

Կայքում մշտապես հրապարակվում են գաղտնազերծված փաստաթղթեր կամ տեղեկություններ: Կայքի գլխավոր խմբագիրն Աբդուլլահ Բոզքուրթն է, որը նախկինում եղել է Թուրքիայում ահաբեկչական կառույց հռչակված Գյուլեննականների թերթի խմբագիրը։

Ըստ աղբյուրի՝ նման գնահատական է տվել ուղղաթիռի ստորաբաժանման հրամանատար գնդապետ Մեհմեթ Շահինը Անկարայում 2017-ին տեղի ունեցած դատական լսումների ընթացքում։

Նրա խոսքով՝ ուղղաթիռի խոցումը կազմակերպել են ռուսները՝ SA-18 («Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր) ինֆրակարմիր եղանակով ինքնաուղղորդվող մակերևույթ-օդ դասի հրթիռով։

2016-ի մայիսի 13-ին Թուրքիայում խոցվել էր PKK դեմ մարտերում ներգրավված մարտերին մասնակցելու նպատակով օդ բարձրացված «Կոբրա» հարվածային ուղղաթիռ, օդաչուները զոհվել էին։ PKK-ն հայտարարել էր, որ իրենց զինյալներն են խոցել ուղղաթիռը:

Թուրքիայի զինված ուժերը ռուսական Սու-24Մ ռմբակոծիչը խոցել էին 2015-ի նոյեմբերի 24-ին, Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում։