Ռուսաստանաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200,000 դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից:
Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10, 000 դոլար, տեղեկացնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
«Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին », - ասվում է հայտարարության մեջ։
Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայերի շրջանում ևս կան զոհեր և վիրավորներ։