6 օգոստոսի 2020 - 10:55 AMT
Բեյրութում պայթյունից զոհված հայերի թիվը հասել է 11-ի

Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը 11-ի է հասել, հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչ տուժել է ու անհետ կորել, հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան, Քուվեյթի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տեր Պետրոս վարդապետ Մանվելյանը։

Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ Բեյրութի տարբեր թաղամասերում իրապես աղետալի դրություն է՝ հատկապես հայաշատ թաղերում։ Ըստ նրա՝ քաղաքը հսկայական վնաս է կրել, զոհերի թիվը հասել է 150-ի, մի քանի հազար մարդ է տուժել։

Պետրոս վարդապետը նշել է, որ արդեն 8 ամիս է՝ Լիբանանը փորձում է հաղթահարել տնտեսական ճգնաժամը, դրան ավելացել էր նաև կորոնավիրուսի համավարակը, ինչի հետևանքով հիվանդանոցներում տեղ չկա, հիմա էլ՝ պայթյունը։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Photo. AP