6 օգոստոսի 2020 - 13:31 AMT
Արտասահմանում ուսումը շարունակելու համար կգործի արդեն տրված տարկետումը. Նոր կարգ կա

Կառավարությունը տարկետման նոր կարգ է սահմանել, համաձայն որի քաղաքացուն բուհ ընդունվելու համար տրվող տարկետումը կշարունակի ուժի մեջ մնալ մինչև 26 տարեկանն արտասահմանյան այլ ուսհաստատություն դիմելու դեպքում։

Ներկայացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ դրանով փորձ է արվում գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել։

Նրա խոսքով՝ սահմանվող նոր կարգով, տարկետման իրավունք ստացած քաղաքացիներին հնարավորություն կտրվի դրանից օգտվել մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ գործող կարգով ուսանողը, փաստորեն, ավելի բարձր մակարդակի ուսումնական հաստատություն ընդունվելու պարագայում զրկվում էր տարկետման իրավունքից ու ստիպված է նորից դիմել` նոր տարկետում ստանալու համար։

«Հիմա կրթության շարունակականությունն ապահովելու համար այդ տարկետումը կշարունակի մնալ ուժի մեջ մինչև 26 տարեկանը, բայց ոչ ավելի, որպեսզի դա չօգտագործվի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար»,- նշել է վարչապետը։

Կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը նաև հիշեցրել է․ որ քննարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը և առաջիկայում այն կընդունվի։