6 օգոստոսի 2020 - 16:50 AMT
Սինանյան․ Լիբանանից հայրենադարձվող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա

Լիբանանից հայրենադարձվող ոչ մի հայ Հայաստանում առանց կեցության վայրի չպետք է մնա։ Այդ մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Լիբանան իր առաջիկա այցին և լիբանանահայերին օժանդակությանը։

Նա հավելել է, որ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։

«Երևի սա ամենաբարդ հարցն է, բայց տրամադրված ենք դրան լուծում տալ», - ասել է նա, գրում է Aysor.am-ը:

Սինանյանը նշել է, որ Հայաստան վերադառնալու ցանկությամբ իրեն ուղիղ դիմող լիբանանահայեր կան, սակայն ավելի շատ կան մարդիկ, ովքեր անուղղակիորեն են դիմում:

«Ես օգոստոսի 8-ին մեկնում եմ Բեյրութ և տեղում շատ ավելի իրատեսորեն կծանոթանամ իրավիճակի հետ, որովհետև այս պահին, թվում է, որ Հայաստան գալ ցանկացողների թիվը շատ մեծ է, բայց չկա որևէ առարկայական, թվային հաշվարկ: Դրանով մեր գործը դժվարանում է», - ասել է նա:

ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։