ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ևս 30 օրով կերկարաձգվի մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17։00-ն, Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ որոշ մեղմացումներ կան արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների մասով։ Նա հայտնել է, որ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց երկիր մուտքի արգելքը։
Եթե անձը երկիր մուտք գործելիս չի հոսպիտալացվում, ապա 14 օրով ինքնամեկուսանում է, այդ ընթացքում կարող է թեստավորվել և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնմեկուսացումից։
Վերացվում է ՀՀ-ում հավաքների և գործադուլների արգելքը, սակայն այդ ընթացքում անհրաժեշտ է դիմակ կրել և սոցհեռավորություն պահել։ Մեղմացվում են ընտանեկան և ժամանցային միջոցառումների կազմակերպման համար կիրառվող արգելքները, դրանք կարելի է կազմակերպել բաց և փակ տարածքներում, ոչ ավելի քան 40 հոգով և պահպանելով անվտանգության կանոնները։
Բադասյանի խոսքով՝ վերացվել է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը։
Նախարարը նշել է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների կիրառումը դեռևս կարող է ազդել վարակակիրների թիվի աճի վրա։
Կառավարության որոշման հիմքով Ազգային ժողովում օգոստոսի 12-ին հատուկ նիստ կգումարվի։
Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, այն արդեն 5 անգամ երկարաձգվել է։ Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,794-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 806 դեպք կա, այլ պատճառով՝ 234։ ռողջացածների ընդհանուր թիվը 33,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 6262 է։